Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցների ղեկավարները քննարկել են ՀՀ-ից ՌԴ ծաղկային արտադրանքի մատակարարումների ժամանակ ֆիտոսանիտարական պահանջների պահպանումը:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի և Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հանդիպմանը հստակեցվել է, որ ՀՀ-ից ՌԴ բուսական արտադրանքի մատակարարումների աճն արդարացված է՝ հաշվի առնելով Հայաստանում ծաղկի արտադրավայրերի՝ ջերմոցային տնտեսությունների աճը:
Տեսչական մարմինը նշում է, որ ՀՀ-ում գործում է ծաղկի ավելի քան 700 ջերմոց, որոնցից 35-ի մոտ (101 հեկտար) ռուսական կողմի հետ համատեղ անցկացվել են առցանց տեսահսկողական միջոցառումներ: Արդյունքում 14 ընկերության (71 հեկտար) ծակիկների արտահանում թույլատրվել է: Ջերմոցների համատեղ տեսահսկողական աշխատանքները շարունակվում են. գործընթացն առավել արագացնելու նպատակով դրանց մի մասում կիրականացնի վերահսկողություն միայն ՍԱՏՄ-ն:
Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ Հայաստանի համար ռուսական շուկան առաջնահերթություն է, և երաշխավորել, որ արտահանումների ժամանակ ՀՀ պատկան մարմնի կողմից ԵԱՏՄ պահանջները պահպանվելու են։
Հունիսի 27-ից Ռուսաստանը խստացրել է Հայաստանից ծաղիկ ներկրողների նկատմամբ պահանջները։ Ռուսական կողմը սա պայմանավորում է մի շարք գործոններով՝ բուսասանիտարական խախտումներից մինչև հարկերից խուսափելու դեպքեր։
Ռուսական կողմը պնդում է, որ Հայաստանից վարակված ծաղիկներ են մտնում իրենց շուկա։ Բացի այդ, ըստ Ռոսսելխոզնադզորի, հայ արտահանողները համագործակցում են Ռուսաստանում գրանցված ֆեյք ընկերությունների հետ, ինչի հետևանքով ծաղիկներն իրացվում են առանց հարկային վճարումների։
Ռուսաստանը նաև կասկածի տակ էր դրել Հայաստանից արտահանվող ծաղիկների ծագումը՝ նշելով, որ դրանց թիվը տարեցտարի ավելանում է, ինչը, ըստ Մոսկվայի, կարող է վկայել երրորդ երկրից ներմուծման մասին, որոնք ՌԴ են մտնում որպես հայկական ծագման բույս: