Օգոստոսի 13 ից Հայաստանում կգործի իզոտոպային լաբորատորիա, որտեղ հնարավոր կլինի ստուգել ու պարզել՝ սպիրտը խաղողի՞ց, ցորենի՞ց, թե՞ այլ հումքից է պատրաստված: Այդ մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով՝ հայկական ալկոհոլային խմիչքները նախքան արտահանվելը հենց Հայաստանում կստուգվեն:
Պապոյանի պնդմամբ՝ վերջին 35 տարում Հայաստանը կոնյակի որակի ստուգման հարցում խնդիրներ է ունեցել հենց այսպիսի լաբորատորիա չունենալու պատճառով:
«Դեռ մեր կարողությունները շատ համեստ են լինելու՝ 3-ից 4 նմուշ օրական, բայց վերջապես, 34 տարվա ընթացքում այս հարցը չէինք լուծել», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Ինչ պետք է անենք՝ լաբորատորիան պիտի ստեղծենք, միջազգայնորեն հավատարմագրենք, որպեսզի ր տված թուղթը այլ երկրներում ևս անցնի:
Վերջերս ռուսական «Սոյուզկոնյակ» հասարակական կազմակերպությունն ու «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիան համատեղ ուսումնասիրություններից հետո հայտարարել էին, թե Ռուսաստան մտած հայկական կոնյակի 80-85 տոկոսը չի համապատասխանում ստանդարտներին: Պապոյանն այսօր առանց անուններ նշելու հիշատակեց այդ հայտարարությունը՝ ընդգծելով, որ դրանք պետական կառույցներ չեն, ու շարունակեց՝ Վրաստանում ստուգվում է Ռուսաստան գնացող կոնյակը, և իր տվյալներով՝ մեծ մասը դրական եզրակացություն է ստանում:
«Ամեն օր վիճակագրությունը ինձ ուղարկում են: Վիճակագրությունը որ ես գումարում եմ իրար, 95 տոկոս պլյուս մենք դրական բան ունենք: Ու դա կուտակված մեքենաներ են, այսինքն՝ էդ մարդիկ չեն էլ իմացել, որ դրանք ստուգման պետք է ենթարկվեն են: Դա նաև շատ կարևոր է, որպեսզի մենք մեր. ... Իրականում մենք չգիտենք շատ հաճախ՝ մենք ինչ ենք արտադրում, պարզվում է՝ լավ էլ որակով արտադրանք ենք թողարկում», - ընդգծեց նախարարը:
Հայաստանցի կոնյակ արտադրողներն ու արտահանողները ամիսներ շարունակ դժգոհում էին, որ Վրաստանի տարածքով անցնելիս իրենց ապրանքն ամիսներով պահվում է մաքսային ստուգման փուլում: Սա, ըստ նրանց, լուրջ խոչընդոտ է, հատկապես՝ ռուսական շուկայում մրցակցության տեսանկյունից:
Վերջին երկու օրերին էկոնոմիկայի նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ կոնյակի արտահանման խնդիրն էապես լուծվել է: Նրա խոսքով, վերջին երեք օրերին Վրաստանից Ռուսաստան է մուտք գործել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար, նախօրեին՝ 27-ը, ու միայն մեկն է վերադարձել փորձաքննության պատճառով։ Պապոյանը նշել է՝ Հայաստանի և Վրաստանի նախարարությունների համատեղ աշխատանքն է նպաստել կոնյակի արտահանման հարցերի կարգավորմանը:
Հայկական խոշոր արտադրողներից ու արտահանողներից մեկը՝ «Պռոշյանի կոնյակի գործարանը», նույնպես բախվել է արտահանման դժվարություններին։ Ընկերության պնդմամբ՝ այս ընթացքում շուրջ 100 հազար դոլարի վնաս են կրել։ Գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ եթե նախկինում իրենց բեռնատարները Վրաստանի Գեզի անցակետում ամիսներով էին մնում, հիմա 10–15 օր է տևում խմիչքի լաբորատոր ստուգումը:
«Որ ասենք՝ 100 տոկոսանոց լուծվեց, չէ, բայց էնքանով է լուծվել, որ մեքենաները ավելի շուտ են դուրս գալիս, մնում եմ մի շաբաթ - երկու շաբաթ, էս վերջում շատ մեծ թվով մեքենաներ դուրս եկան, մենակ մեր գործարանից 20 ավտո մի անգամ դուրս եկավ, 7 ավտո մի անգամ դուրս եկավ, ու բավականին լավ շարժ եղավ: Էլի լավ է, էլի գոհ ենք», - նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ ամբողջությամբ գոհ կլինեն, եթե «մեքենաները էլ չմտնեն» Գեզի. - «Ինչպես նախկինում՝ ուղղակի գնան ու անցնեն: Բայց էլի, նախկին մեր էն 40 օրվա ծանր ժամանակները ոնց որ անցան»:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս ամբողջ ընթացքում այդպես էլ չպարզաբանեց՝ վրաց գործընկերներից ճշտե՞լ է, թե ինչու են սկսել իրենց տարածքով ռուսական շուկա հասնող հայկական կոնյակի որակը ստուգել:
«Պռոշյանի կոնյակի գործարանի» արտահանման մասնագետն ասում է՝ ամեն ինչ դրանից սկսվեց: «Մենք չենք իմանա՝ ինչումն է եղել խնդիրը: Ուղղակի, մի օր մեքենան գնաց, ու ուղարկեցին Գեզի, տենց էլ չհասկացանք: Մենք էդ ժամանակ նույնիսկ չէինք պատկերացնում՝ սա շարունակական է լինելու, սա բոլորին է վերաբերելու: Այս պահին ամեն ինչ գնում է նրան, որ կամաց-կամաց սա լինի ընտրովի. ասում են, որ ժամանակ առ ժամանակ են սկսելու ստուգել, հետո վերանա», - ասաց Գայանե Պողոսյանը:
Մինչ Պապոյանը լռում է, փորձագետ Գագիկ Մակարյանն է պնդում՝ Վրաստանն այդ ստուգումների պատրվակով տեղեկանում է հայ կոնյակագործների առևտրային գաղտնիքներին ու գուցե առաջիկայում Ռուսաստանում փորձեն զբաղեցնել նոր դարակաշարեր՝ դուրս մղելով հայկական կոնյակը:
«Վրաստանը լուրջ տրամադրություններ ունի՝ մեծացնելու կոնյակի արտահանումը դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ: Ընդ որում, իրենք նաև այդ կոնյակի արտահանման համար, արդեն կարող եմ ասել, որ գողացել են մեզանից ինֆորմացիան և այդ ինֆորմացիան օգտագործելու են՝ ինչ քանակի կոնյակ, ռուսական որ ընկերությանն է վաճառվում, ինչ գնով է վաճառվում: Այսինքն՝ իրենք մարկետինգային հսկայական ինֆորմացիա մեզանից գողացան, և երբ որ նման ինֆորմացիայի տիրապետում ես, արդեն շատ հեշտ է մրցակցություն զարգացնելը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մակարյանը:
Էկոնոմիկայի նախարարից, ի դեպ, շաբաթներ պահանջվեց, մինչև, իր պնդմամբ, խնդրի լուծման ուղղությամբ քայլեր եղան: Վրացական կողմը պարբերաբար հետաձգում էր նրա հետ հանդիպումները: