Քննչական կոմիտեն երեկ՝ հուլիսի 31-ին, վերադարձրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին կառույցից:
Մանուկյանի հեռախոսը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ապա Քննչականի մոտ էր հայտնվել երեք շաբաթ առաջ: Իրավապահները ձերբակալել էին 7 հոգու՝ նրանց կասկածելով ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածների թվում էր նաև Մանուկյանի որդին՝ Տարոնը:
Խուզարկել էին պատգամավորին պատկանող բնակարանը, որտեղ բնակվում է որդին: Առգրավել էին որոշ իրեր, այդ թվում՝ այդ պահին բնակարանում գտնվող պատգամավորի իրերը, իսկ հեռախոսը, Գեղամ Մանուկյանի խոսքով, իրենից խլել էին ուժով:
Քննչականը հայտարարել էր, որ հենց ահաբեկչության նախապատրաստության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում են առգրավել պատգամավորի հեռախոսը, և որ այդ բնակարանը խուզարկելու որոշում են ունեցել:
ՀՅԴ անդամ Մանուկյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղարկած գրություններում հորդորել էր վերադարձնել իր անձնական իրն ու պատժել մեղավորներին: