Գլխավոր դատախազն անպատասխան է թողել Գեղամ Մանուկյանի դիմումները
«Վաղը-մյուս օր գալու է, չէ՞, Ազգային ժողով, ռաստ են գալու, կա՛մ իմ խափանման միջոցի, կա՛մ մեկ ուրիշի խափանման միջոցի, դեռ Աննա Վարդապետյանի հետ շատ կխոսենք». - գլխավոր դատախազն անպատասխան է թողել ընդդիմադիր պատգամավորի դիմումները, որոնցում Գեղամ Մանուկյանն ահազանգում է իր հեռախոսի գողության մասին: Աննա Վարդապետյանին ուղարկած գրություններում ընդդիմադիր պատգամավորը հորդորում է վերադարձնել իր անձնական իրն ու պատժել մեղավորներին: Դատախազությունից չեն արձագանքում նաև «Ազատությանը»՝ ինչու են անպատասխան թողել պատգամավորի դիմումները:
«Գլխավոր դատախազուհին, որը սովոր է Նիկոլ Փաշինյանի օգնական եղած ժամանակ խմբագրել մեղադրանքները, շարունակում է զեկուցել Նիկոլ Փաշինյանին և շարունակում է չպատասխանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավորը:
Մանուկյանի հեռախոսը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ապա Քննչականի մոտ էր հայտնվել երեք շաբաթ առաջ: Իրավապահները ձերբակալել էին 7 հոգու՝ նրանց կասկածելով ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածների թվում էր նաև Մանուկյանի որդին՝ Տարոնը: Խուզարկել էին պատգամավորին պատկանող բնակարանը, որտեղ բնակվում է որդին: Առգրավել էին որոշ իրեր, այդ թվում՝ այդ պահին բնակարանում գտնվող պատգամավորի իրերը, իսկ հեռախոսը, Գեղամ Մանուկյանի խոսքով, իրենից խլել էին ուժով:
«Երբ որ պատգամավորից նման ձևի գողություն է կատարում քննչական մարմինը, ցանկացած շարքային քաղաքացի ավելի անպաշտպան է իրեն զգում, ավեի վախվորած է իրեն զգում, իր քաղաքական, սոցիալական հարցերի շուրջ բողոք ձայնելու վախ է ունենում», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Մինչ պատգամավորը նշում է՝ ինքն անձեռնմխելի է ու առանց այդ հարցը լուծելու չի կարող առնչություն ունենալ որևէ քրեական գործի, Քննչական կոմիտեն նորից հակադարձում է՝ Մանուկյանի հեռախոսը զննում են ահաբեկչություն նախապատրաստելու գործի շրջանակում, և դրա համար կա դատարանի որոշում. նկատի ունեն այն որոշումը, որը ներկայացրել էին որդուն՝ Տարոնին, խուզարկության համար: Սակայն պատգամավորը հակադարձում է՝ ինքը կարող էր թույլ տալ խուզարկել միայն որդու սենյակը, քանի որ հենց որդու համար էին եկել իր տուն:
«Սրանք չեն հասկանում, որ իրանք ոչ թե օրենքը, էսպես, մի թեթև խախտում են, այլ օրենքի վրա թքած ունեն: Վաղը, չեն հասկանում, որ Նիկոլը չի լինելու, Վարդապետյան Աննան չի լինելու, էն Պողոսյանը չի ինելու, ոնց որ Քյարամյանը չկա, վաղը էս մարդիկ կանգնելու են չէ՞ էդ արդարության պատի տակ», - ասաց Մանուկյանը՝ հավելելով. - «Գնդակահարություն չի, արդարություն է, մեղադրանք չառաջադրեն էլի»:
Պատգամավորի փաստաբան Աբգար Պողոսյանն անհեթեթ է որակում Քննչականի այս պատասխանը: Հարցնում է՝ եթե խուզարկության պահին որևէ այլ անձ լիներ բնակարանում, օրինակ՝ փաստաբան, նրա հեռախոսն է՞լ պետք է առգրավեին:
«Պատկերացնենք, որ պարոն Մանուկյանը տանը չէր, ի՞նչ, օրինակ փողոցում պետք է գտնեին ու առգրավեի՞ն հեռախոսը: Իհարկե՝ ոչ, որովհետև թե՛ դատարանի որոշմամբ և թե՛ քննիչի միջնորդությամբ դատարան՝ խուզարկություն կատարելու մասին, հիշյալ բջջային հեռախոսը վարույթի հետ որևէ կապ ունենալ չի կարող: Սա ուղղակի աբսուրդ է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց փաստաբանը:
Չնայած պատգամավորի որդուն երեք օր անց ազատ էին արձակել առանց մեղադրանք առաջադրելու՝ չհիմնավորելով ահաբեկչության նախապատրաստության գործին նրա առնչությունը, Քննչականը, միևնույն է, հրաժարվում է հեռախոսը վերադարձնել:
20 օր ի՞նչ են զննում ու փնտրում իրավապահները մի մարդու հեռախոսի մեջ, որը ոչ վկայի, ոչ էլ մեղադրյալի կարգավիճակ չունի, Քննչականը չի մանրամասնում:
«Ես չեմ ասում, թե որոշման մեջ կոնկրետ պետք է նշվի, թե հատիկ-հատիկ ինչ կարող են առգրավել, բայց պարոն Մանուկյանը վարույթի հետ կապ չունի: Լավ, եթե վարույթի հետ կապ ունի, այդ դեպքում ինչո՞ւ կարգավիճակ չունի», - հարցնում է փաստաբանը:
«Իրավական զոռբայություն»
Աբգար Պողոսյանն ընդգծում է՝ քանի դեռ Գեղամ Մանուկյանն անձեռնմխելիություն ունի, նրանից որևէ իր առգրավելն ապօրինություն է:
«Յուրաքանչյուր գործողություն, անգամ հեռախոսը առգրավելը, պարունակում է քրեական հետապնդման տարրեր: Այսինքն՝ եթե անձի անձնական կյանքին, իրավունքներին միջամտություն է լինում, անկախ էդ միջամտության տեսակից՝ պետք է անձեռնմխելիությունը հաղթահարված լինի: Տվյալ դեպքում, առաջին՝ չի հաղթահարվել էդ անձեռնմխելիությունը ու առգրավվել է պատգամավորին պատկանող հեռախոսը, և երկրորդ՝ չափազանց ակնհայտ է, որ էդ հեռախոսը վարույթի հետ որևէ կապ ունենալ չի կարող», - ասաց Պողոսյանը:
Պատգամավորի փաստաբանը տեղի ունեցածը որակում է «իրավական զոռբայություն»: Աբգար Պողոսյանի կարծիքով՝ գլխավոր դատախազը պարտավոր է պատասխանել պատգամավորին, ավելին՝ ձեռնարկել միջոցներ շտապ վերադարձնելու հեռախոսը:
«Երբևէ իրենք իրենցով, այսպես ասած, նման կերպ չէին գործի, եթե չունենային համապատասխան կանաչ լույսը», - վստահ է փաստաբանը:
Մանուկյանն, իր հերթին, շարունակում է պնդել՝ հետևողական է լինելու այս հարցում: Ասում է՝ չի կարողանում համացանցի իր էջերից օգտվել, հաղորդակցվել ընտրողների հետ: Այս պատմությունը մի դրական հետևանք ունի՝ Գեղամ Մանուկյանը նոր հեռախոս ունի: