Ռուսական կողմը հարձակում է իրականացրել Կիևի վրա, կա վեց զոհ

Անցած գիշեր ռուսական կողմը զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա, վեց մարդ զոհվել է, այդ թվում՝ 6-ամյա տղա։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ քաղաքի Սվյատոշինսկի շրջանում ավերվել է ինը հարկանի բնակելի շենքի մուտքը։ «Պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը արագորեն մաքրում է փլատակները։ Նրանք պետք է հասնեն այն մարդկանց, ովքեր կարող են գտնվել ավերված մուտքի փլատակների տակ», - գրել է նա։

Ընդհանուր առմամբ, Տկաչենկոն ասել է, որ հարվածի հետևանքները գրանցվել են Կիևի ավելի քան 27 վայրերում։ Սվյատոշինսկի շրջանից բացի, վնասվել են Սոլոմենսկի, Շևչենկովսկի և Գոլոսեևսկի շրջանները։

Սոլոմենսկի շրջանում մահացել է երկու մարդ, իսկ Սվյատոշինսկի շրջանում՝ չորսը։ Վիրավորվել է 52 մարդ, որոնցից 30-ը` տեղափոխվել հիվանդանոցներ։ «Նրանց թվում կան ին երեխա։ Ցավոք, թիվը կաճի», - նշել է Տկաչենկոն։

«Հրթիռային հարված ուղիղ բնակելի շենքի վրա։ Մարդիկ փլատակների տակ են։ Բոլոր ծառայությունները տեղում են։ Ռուս ահաբեկիչներ», - գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։