ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել, երկաթուղու կառավարումը կարող է. Բաղդասարյան

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել, հայտարարում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է։ Ի դեպ, ավտոճանապարհների սպասարկումը, կառավարումը Հայաստանում այսօր ու միշտ էլ արտապատվիրակվում է մասնավոր ընկերությունների։ Այլ բան, թե ով ինչ որակով է իրականացնում այդ կառավարումը։ Բայց սա քննարկվող թեմայի հետ կապ չունի», - նշել է Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ «հայաստանյան ԶԼՄ-ներում որոշակի շփոթ կա տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման թեմայով ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ, եւ լրատվամիջոցները հակասություններ են տեսնում հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններում»։

Վարչապետի խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։

«Եվ, ընդհակառակը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն քննարկում է տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների շահագործման տարբեր բանաձեւեր, այլեւ շահագրգիռ է բանաձեւերից որեւէ մեկի շուրջ համաձայնության գալու հարցում», - նշել է Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

Նա գրել է, որ ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր ասում են, թե Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու, միանշանակ խոսում են այնպիսի բանաձևերի մասին, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։

«ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր խոսում են քննարկումների մասին, նկատի են առնում ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում գտնվող բանաձեւեր, կառուցապատման իրավունքներ եւ այլն, որոնց մասին վարչապետ Փաշինյանը խոսել է հուլիսի 16-ի ասուլիսի ընթացքում», - հավելել է Բաղդասարյանը։

Հուլիսի 14-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանն էր հայտարարել՝ Միացյալ նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին, մինչ այդ էլ «Քարնեգի» հիմնադրամից էին հայտնել՝ Վաշինգտոնից Երևանին ու Բաքվին ապաշրջափակման վերաբերյալ առաջարկ են ներկայացրել:

Հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ապաշրջափակման հարցով ցանկացած քննարկում լինելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքներին համապատասխան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը. վարչապետի խոսնակ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ապաշրջափակման հարցում կգործի՞ փոխադարձության սկզբունքը. վարչապետը մանրամասներ ներկայացրեց ամերիկյան առաջարկից