«Ասենք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, ով իրեն դեռ նախագահ է համարում, որ զգույշ լինի իր խոսքերի հետ», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով՝ «նա մտնում է շատ վտանգավոր տարածք»։
Truth social ցանցում արված նույն գրառման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև նշել է. - «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին քանդել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ գործարքներ ենք կնքել Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են՝ աշխարհում ամենաբարձրերից։ Նմանապես, Ռուսաստանը և ԱՄՆ-ն գրեթե ոչ մի գործարք չեն կնքում միասին»։
Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր՝ եթե Մոսկվան առաջընթաց չցուցաբերի Ուկրաինայում պատերազմը ավարտելու ուղղությամբ, Վաշինգտոնը 10 օր հետո սկսելու է ռուսաստանյան ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ կիրառել: Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ X-ում գրել էր, թե Թրամփը խաղում է «ուլտիմատումի խաղը», որը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի մասնակցությամբ պատերազմի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը 10 օր է տվել Մոսկվային, հակառակ դեպքում նոր պատժամիջոցներ խոստացել