Չնայած արբիտրաժի` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բիզնես գործառնությունները չսահմանափակելու պահանջին, պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն ընկերության ղեկավար կազմում ազատումներ ու նշանակումներ անելուց հետո այժմ էլ ՀԷՑ-ի գնումների գործընթացներն է չեղարկել՝ ավելի քան 3 միլիարդ դրամ նախնական արժեքով:
Պետրոսյանը պնդում է՝ դրանք խնդրահարույց են եղել. - «Ժամանակավոր կառավարչի կողմից գնումների այդ գործընթացների կասեցումը պայմանավորված է Ընկերությունում այդ գործընթացներին առնչվող ընթացակարգերում վեր հանված մի շարք համակարգային խնդիրներով (խտրական տեխ. բնութագրեր, ոչ ներառական և անթափանցիկ գործընթացներ, նախնական գնանշման ոչ օբյեկտիվ մոտեցումներ և այլն)»:
Այս գումարով Հայաստանում 1 միլիոն բաժանորդի սպասարկող ընկերությունում պատրաստվում էին սարքավորումներ, հաշվիչներ ու մալուխ գնել, նաև` առանձին ծառայություններ: Այժմ ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ վերանայում են գնումների գործընթացը ու, ըստ տարածված հաղորդագրության, փորձում այն ավելի թափանցիկ, օբյեկտիվ ու ներառական դարձնել.
«Համակարգային մոտեցմամբ լավարկվում են գնումների ընթացակարգերը, որոնց ներդնումից հետո միայն Ընկերությունում կմեկնարկեն գնումների գործընթացները՝ ծառայությունների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին և գործող իրավական ակտերի պահանջներին խիստ համապատասխան»:
ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին իշխանությունները հայտարարեցին ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությանը գրեթե զուգահեռ: Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին ժամանակավոր կառավարիչ նշանակելու հիմքերից մեկն էլ Կառավարության պնդումն էր, թե ՀԷՑ-ի գնումներում խնդիրներ կան՝ փոխկապակցված ընկերություններից իրականից բարձր գներով ապրանքներ ու ծառայություններ են ձեռք բերել:
Ռոմանոս Պետրոսյանը նոր պաշտոնում իր առաջին իսկ աշխատանքային օրը հայտարարեց՝ ստուգումներ կանցկացնի. - «Վեր եմ հանելու բոլոր այն գործոնները, բոլոր այն օբյեկտիվ ծախսերը, ծախսումները, կապիտալիզացիան, ամորտիզացիան և մնացած բոլոր, տնտեսագիտական տերմինոլոգիայով ինչպես կուզեք բնորոշեք, օբյեկտիվ իրականությունը ՀէՑ-ում, որի հիման վրա արդեն կարգավորող մարմինը, ՀԾԿՀ հանձնաժողովը որոշումները կկայացնի և կհրապարակի»:
Ընկերության տնօրենի արդեն նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, որը հենց այդ օրը հեռացվեց աշխատանքից, չէր բացառել՝ աուդիտի ընթացքում խախտումներ գուցե գտնեն, չարաշահումների դեմ ինքն էլ է պայքարել:
«Որպես իրացման տնօրեն՝ անընդհատ բացահայտել եմ իմ աշխատակիցների հետ միասին չարաշահումներ: Կարող եք արդեն նոր կառավարչին դիմել՝ վերջին տասը տարվա ընթացքում ինչքան նյութական պատասխանատու է ազատվել աշխատանքից», - հայտարարել էր Ղազինյանը:
Օրերս իշխանական Civic.am-ը գրել էր, թե ՀԷՑ-ը բարձրաստիճան ղեկավարության համար թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալել, իսկ Ռոմանոս Պետրոսյանը խզել է մեկ տարվա համար 134 միլիոն դրամի վարձակալություն նախատեսող պայմանագիրը: Պաշտոնական հաղորդագրությունում, սակայն, այս մասին հիշատակում չկա, ընկերության արդեն նախկին ղեկավարները հրապարակմանը չեն արձագանքել: Դավիթ Ղազինյանի հետ կապ հաստատել այսօր չհաջողվեց:
ՊՎԾ նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանը կադրային փոփոխություններ է անում ու ծրագրված գնումներ է չեղարկում Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի՝ այդպիսի քայլերն արգելող հրատապ որոշումից հետո: Փորձագետներն ընդգծում են՝ արբիտրաժային որոշմանը չհետևելը կվնասի Հայաստանի միջազգային հեղինակությանն ու ներդրումային գրավչությանը:
«Դա կլինի Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության մեջ մեծ խնդրահարույց հարց, որը կբերի նաև մեր երկրի վարկունակության հետ կապված խնդիրների», - պնդում է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը:
Իշխանությունների մինչ այս պահն արված հայտարարություններն ու քայլերը վկայում են՝ արբիտրաժի որոշմանը հետևել չեն պատրաստվում, քանի դեռ հայաստանյան դատարանն իրենց դա չի պարտավորեցրել: Նարեկ Կարապետյանը, մինչդեռ, օրերս կարծիք հայտնեց՝ որոշումը վաղ թե ուշ կյանքի կկոչվի. - «Եթե հապաղում են, եթե գնում են հապաղման ճանապարհով, կամ, ինչը քիչ հավանական է նորմալ տնտեսական քաղաքականություն ունեցող երկրի համար, չկատարման, ցավոք, դա կբերի շատ մեծ բացասական հետևանքների մեր երկրի տնտեսական ռեպուտացիայի և նաև աշխարհում ու Եվրոպայում մեր երկրի վարկանիշի հետ կապված»:
Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի միանձնյա որոշմամբ: Երեկ նրանք հանդիպել են, ըստ հաղորդագրության՝ առաջիկա համագործակցության հնարավորություններն են քննարկել: Հաղորդագրությունում այլ մանրամասներ չկան: