Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու պահանջով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը: Փաստաբան Երեմ Սարգսյանը հիմքերին դեռ չի ծանոթացել, քանի որ որոշումը դեռ չի ստացել, բայց պնդում է, որ մերժումն անհիմն է:
«Ակնհայտից ակնհայտ է, որ դա անհիմն որոշում է, որովհետև էն փաստարկները, որ ներկայացնում էինք, դրանք ուղղակի շրջանցման հնարավորություն չկար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը:
Ավելի, ըստ փաստաբանի, երբ արդեն գործի նախաքննությունն ավարտվել է, Միքայել սրբազանի խափանման միջոցը պետք է փոխվեր, ինչի մասին վերաքննիչ բողոքում ևս նշել էին. - «Որպես նոր փաստական հանգամանք Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հաշվի առնել: Եվ եթե դիտարկում ենք, որ իբր թե, ըստ առաջին ատյանի դատարանի, կար խնդիր, որ քննություն պետք է անեն, ինչ-որ ակտիվ փուլում է քննությունը, վկաներ հարցաքննեն և այլն, որի հետ կապված իբր կասկածում էին, անհանգստանում էին, որ Միքայել սրբազանը կարող է խոչընդոտել, արդեն նախաքննությունը ավարտվել է, և այդ փաստական հանգամանքը դատարանը որպես նոր հանգամանք դիտարկելով պարտավոր էր նաև էս առումով դատական ակտը բեկանել և կալանքը վերացնել»:
Պաշտպանները նաև գործը քննող դատավոր Վաչե Մարգարյանի ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ համարելով, որ նա անաչառ չէ:
«Չի կարող էս գործով դատավորը լինել անկախ և անաչառ, առավել ևս, որ մենք մինչև մակագրելը արդեն իսկ կռահել էինք, որ իրեն է մակագրվելու, ինքն է քննելու», - նշեց Երեմ Սարգսյանը:
Միքայել արքեպիսկոպոսին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով մեղադրանք ներկայացվեց նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույցի հետքերով, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ դրանից մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել:
Որ հենց Վաչե Մարգարյանին է Միքայել սրբազանի գործը մակագրվելու, Երեմ Սարգսյանը կանխատեսել էր ու պնդել, որ բոլոր կառույցները սինքրոն իրար հետ են աշխատում: Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում փաստաբանը Միքայել սրբազանին կալանքի տակ թողնելու մեկ այլ սցենար էր կանխատեսել. - «Էս ժամկետները պատահական չի, երբ որ քննչական մարմինը ավարտ է հայտնում, էսօր ուզում է նախաքննությունը նյութերը ծանոթացնի, որպեսզի հասցնեն գործը ուղարկեն դատարան, որովհետև երբ որ գործը գնաց դատարան, և դատավորը վարույթ ստանձնի, Վերաքննիչ դատարանը արդեն ասելու է, որ «ես իրավունք չունեմ ձեր բողոքները քննարկելու, որովհետև արդեն դա գործը ըստ էության քննող դատավորի տիրույթում է»: Այսինքն, այլ խոսքով ասած՝ ամեն ինչ անում են, որպեսզի էս խայտառակությունը, որը որ հատուկ մակագրել են, որ Վաչե Մարգարյանը քննի, իսկ ինքը ի վիճակի չի լինելու ազատ արձակել, հիմա փորձում են այնպես անել, որ չքննի, որպեսզի տպավորություն չլինի, որ ինքն էլ կատարեց էս նույն գործողությունները, որ տեղի ունեցան»:
Ինչո՞ւ այս սցենարը չիրականացավ. - «Եվ քանի որ դա բացահայտել էինք և գրավոր էլ ենք իրեն գրել և հրապարակային ենք ասել, իրենք սա չիրականացրեցին, և մենք ստիպեցինք, որ ինքը որոշում կայացնի, այլ ոչ թե խուսափի որոշում կայացնելուց», - նշեց փաստաբանը:
Միքայել Աջապահյանի պաշտպանները նաև դատախազին են միջնորդություն ներկայացրել նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ: Դատախազությունից մինչ այս պահը պատասխան չունեն: Նախաքննության ավարտից հետո, ըստ Երեմ Սարգսյանի, Միքայել սրբազանի խափանման միջոց կալանքը դատախազը պետք վերացներ ու ազատ արձակեր: Ինչո՞ւ դա տեղի չի ունենում:
«Ուղղորդված քննություն է, և սրբազանի նկատմամբ այդ գործընթացները ակնհայտ ապօրինի սկսվել են բացառապես հստակ հրահանգով, որպեսզի նրան կալանավորեն: Հիմա, եթե իրենք սկսել են այդ գործընթացը, իրենք էլ նույն ձևով շարունակում են: Եթե նույնիսկ դատարաններն են էս հարցում նման կաշկանդված, ուր մնաց՝ քննիչն ու դատախազը», - ասաց Երեմ Սարգսյանը:
Առաջիկայում գործը դատարան կուղարկվի: Պաշտպանական կողմը պատրաստվում է հրապարակային դատավարության. - «Եվ մենք իրենց էդ ամբողջ ապօրինությունների շարանը շատ մանրամասն կցուցադրենք, և դուք ինքներդ կտեսնեք, որ իրենք ինչ խայտառակ վիճակում են և ինչպես չեն կարողանում իրենց կատարածները նույնիսկ հիմնավորել, գործողությունները հիմնավորել: Այսինքն՝ էս պահին դեռևս իրենց աշխատասենյակներում նստած ինչ-որ բաներ են գրում, որոնք որ նախաքննական գաղտնիքով փորձում են սահմանափակվեն, բայց գալու է այն պահը, երբ որ ամեն ինչ լինելու է հրապարակային, և հանրությունն էլ է դա տեսնելու, իրավապահներն էլ են տեսնելու, թե ինչ խայտառակություններ է էդ գործով տեղի ունեցել»:
Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը, ըստ ամենայնի, կբողոքարկեն: Երեմ Սարգսյանը չբացառեց, որ իրավունքի խախտման հայցով նաև Եվրոպական դատարան կդիմեն: