Շիրակի մարզում այս պահին 26 դպրոց է նորոգվում, դրանցից 15-ը՝ Գյումրիում, ինչի համար պետությունը ավելի քան 5.7 միլիոն դրամ է հատկացրել: Որոշ դպրոցներում, սակայն, շինարարությունը երկու ամիս առաջ է սկսվել, և մինչև սեպտեմբերի 1-ը շինաշխատանքները չեն հասցնի ավարտել:
Գյումրիի թիվ 19 դպրոցի 400 աշակերտներն, օրինակ, այս ուսումնական տարին կսկսեն հյուրի կարգավիճակով, հարևան թիվ 15 դպրոցում: Այստեղ նրանց համար մի հատված են առանձնացրել, որտեղ երկու հերթով դասեր կանեն: Շինարարությունն իրականացնող «Ախուրյան կոոպշին» ընկերության աշխղեկ Մխիթար Եգորյանն ասում է՝ սահմանված ժամկետին կավարտեն. «Ժամանակը 180 օր է, բայց թվում է՝ ավելի շուտ կվերջացնենք»:
Շինարարությանը զուգահեռ դասեր անելը հնարավոր չէր, ասաց նա:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան ընդունում է, որ այս ուսումնական տարում նորոգվող դպրոցներից շատերում խնդիրներ կլինեն, ու արդեն ծրագրում են, թե որ դպրոցներն են տեղափոխվելու կամ տեղում մնալու:
«Ծավալը շատ մեծ է, կունենանք տեղեր, որտեղ խնդիրներ կառաջանան, ու այն, որ տեղափոխում ենք այլ դպրոց, ևս խնդիր է, բայց փորձելու ենք շատ արագ այդ խնդիրներին լուծում տալ: Ամեն դեպքում եթե մեկ ամիս էլ խնդիր առաջանա, նեղություն լինի ինչ-որ չափով, բայց դրանից հետո արդեն իրենք հիմնովին վերանորոգված դպրոցներում դասի են գնալու», - ասաց նա:
Իսկ ինչպե՞ս են լուծելու շինարարության ընթացքում գտնվող դպրոցների դասապրոցեսը, երբ զուգահեռ նաև շինաշխատանքներ են ընթանալու, հարցին մարզպետը պատասխանեց. «Կան դպրոցներ, որոնք օրինակ՝ երեք հարկ են, և մենք շինարարներին խնդրել ենք, որ առաջին-երկրորդ հարկերը հասցնեն մինչև սեպտեմբեր վերջացնել»:
Շիրակի մարզի Բերդաշենի դպրոցի շինարարությունը հավակնում է ռեկորդի գրանցման: Արդեն 6 տարի է՝ շինարարությունը սկսվել ու չի ավարտվում: Այս դպրոցը հրդեհվել էր ու արդեն 10 տարի է՝ աշակերտները գյուղապետարանի մի սենյակում են դաս անում: Թե երբ սահմանամերձ գյուղի աշակերտները գյուղապետարանի շենքից հարևանությամբ կառուցվող դպրոց կտեղափոխվեն, Դավիթ Առուշանյանը դժվարացավ հստակ ժամկետ նշել:
Խնդիրը շինարարի հետ է: Պայմանագիր խզելը ևս խնդիր է, ասում է Շիրակի մարզպետը. «Շինարարներ են լինում, որոնք չեն կարողանում իրենց վրա վերցրած պարտավորությունները կատարել: Աշխատանքներ տարվում են», - հավելեց նա:
Բերդաշենի դպրոցը միակը չէ: Արթիկում ևս դպրոց ու մանկապարտեզ կա, որ կրկին նույն խնդիր առաջ են կանգնած:
Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.