Մատչելիության հղումներ

Հրայր սարկավագը դուրս եկավ բանտից. դատավոր Ռշտունին՝ իշխանականների թիրախում


Հրայր սարկավագը դուրս է գալիս բանտից, Արմավիր, 29-ը հուլիսի, 2025թ.
Հրայր սարկավագը դուրս է գալիս բանտից, Արմավիր, 29-ը հուլիսի, 2025թ.

«Վերաբերմունքը լավ էր, փառք Աստծո». - Արմավիրի բանտում 34 օր փակված Հրայր Հակոբյանը երեկ երեկոյան ազատ արձակվեց: 36-ամյա սարկավագը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով կալանավորված 15 հոգուց առայժմ միակն է, որի խափանման միջոցը փոխվեց, այդ միջնորդությունը նրա փաստաբանն էր ներկայացրել:

«Հիմնավոր կասկածի բացակայությամբ և հիմքերի, այսինքն՝ կալանքի հիմքերի, որ Հրայր սարկավագը չի կարող փախուստի դիմել, չի կարող կատարել նոր հանցագործություն և չի կարող խոչընդոտել, չի խոչընդոտի մինչդատական վարույթին, նախաքննական մարմնին, այսինքն՝ քրեական վարույթին», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Հրայր սարկավագն ահաբեկչության և իշխանության զավթման նախապատրաստության համար է մեղադրվում, հունիսի 26-ից երկամսյա կալանքի տակ էր: Այժմ Վերաքննիչ քրեական դատարանը բացակայելու արգելք ու վարչական հսկողություն է սահմանել:

Արցախում հոգևոր ծառայություն իրականացրած Հրայր Հակոբյանը 23 թվականի տեղահանումից հետո Հայաստան էր եկել ու, ըստ փաստաբանի, Բագրատ սրբազանի գաղափարակիցն ու նաև օգնականը դարձել: Նա արքեպիսկոպոսի տնից էլ ձերբակալվել էր: Իրավապահները նրան են վերագրում մի երկխոսություն, որում շարժման աջակիցներից Իգոր Սարգսյանին հարցնում է՝ «Եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից»: Պատասխանը՝ «Ցմահ կտան, եթե ողջ մնաս»: Հետո, ըստ Քննչականի, սարկավագը խոսում է «Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնելու» մասին:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պնդել էր՝ Բագրատ սրբազանի գաղափարակիցները խաղաղ մտադրություններ չունեին, նպատակ ունեին ընդհուպ վարչապետին հասնել:

«Բարձրաստիճան պաշտոնյաներին, եթե սարկավագներից մեկն է հարցնում, թե որ սպանեն, ի՞նչ կլինի, և այդ միտքը այնպես չէ, որ մի անգամ ինչ-որ էլի պոռթկում էր, էլի քննարկում է այդ հարցի շուրջ: Հիմնական պաշտոնյաները, ովքեր որ թիրախում էին, դա վարչապետն էր, Ազգային ժողովի նախագահը և արտաքին գործերի նախարարը», - հայտարարել էր Վարդապետյանը:

Հրայր սարկավագի փաստաբանը, սակայն, պնդում է՝ քննիչի դատարան ներկայացրած փաստական տվյալներում ոչինչ չկա այն մասին, որ Հրայր Հակոբյանը ահաբեկչություն է նախապատրաստել, ոչ մի երկխոսություն էլ գործի նյութերում ներառված չէ:

«Առաջին ատյանի դատարանում և Վերաքննիչ դատարան ուղարկված նյութերում չկա էդպիսի որևէ տվյալ, որ կարող է վկայել, որ նման բան է ասել Հրայր Հակոբյանը», - նշեց Հովսեփ Սարգսյանը՝ դրական պատասխանելով հարցին՝ «այսինքն այդ երկխոսությունը չկա՞». -«Այո, չկա այդպիսի բան»:

Փաստաբանը սա մտացածին երկխոսություն է համարում, սարկավագն ինքն ասել է՝ այդպիսի զրույց չի հիշում:

«Շատ զրույցներ կենցաղային զրույցներ են՝ կոֆե դիր, կոֆե մի դիր, չգիտեմ, էսի տար, էսի բեր», - նշեց Սարգսյանը:

Փաստաբանը կասկած չունի՝ այն, ինչ կատարվում է Հրայր Հակոբյանի հետ, քաղաքական պատվեր է, սարկավագը դատվում է «Սրբազան պայքարին» աջակցելու համար: Ըստ Հովսեփ Սարգսյանի՝ նույնիսկ Քննչականն է այդպես ձևակերպում. - «Բառացի մեջբերում եմ կատարում. - «Մեղադրյալ Հրայր Հակոբյանի կողմից հանցանք կատարելու հավանականության մասին են վկայում քրեական վարույթով ձեռք բերված ծանրակշիռ մի շարք փաստարկներ, այդ թվում՝ մեղադրյալ Հրայր Հակոբյանն ունի ընդգծված հակաիշխանական հայացքներ և գաղափարական թշնամանք հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, որոնց գործունեությունը դադարեցնելու նպատակով խմբի կազմում նախնական համաձայնությամբ նախապատրասել են», և այլն, և այլն: Հիմա տեսեք, այսինքն՝ մարդու քաղաքական դիրքորոշման հետ, որ ունի անհամաձայնություն վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, դրա համար բերել են կալանքի»:

Երեկ, երբ հայտնի դարձավ, որ սարկավագն ազատ է արձակվել, ու այդ որոշումը կայացրել է դատավոր Վազգեն Ռշտունի, վերջինս անմիջապես հայտնվեց իշխանականների ու նրանց համախոհների թիրախում: Գրում էին՝ Ռշտունին պիտի դուրս շպրտվի դատական համակարգից, նվազագույնը կոչ էին անում արագորեն ստուգել նրա բարեվարքությունը:

Իշխող թիմից խորհրդարանական Արման Եղոյանը դատավորին հարց ուներ. - «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին որոշել է, որ հանրապետության վարչապետին, ԱԺ նախագահին և արտգործնախարարին սպանելու պլան կազմած Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի։ Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը։ Հիշեցնեմ, որ նման ծրագիր ունենալը հիմնավորվում է դատարանի թույլտվությամբ ձեռք բերված և մինչ օրս չհերքված գաղտնալսումներով»։

Պատգամավոր Եղոյանն իր գրառման վերջում հիշում է՝ նույնիսկ դատավորին վիրավորելն է քրեականացված, ապաքրեականացնելու գաղափարին Ռշտունին ինչպե՞ս կվերաբերվի:

Հրայր սարկավագին, ի դեպ, իշխանականներն ահաբեկիչ են անվանում նրան վերագրվող երկխոսության հրապարակումից հետո: Այն, որ այժմ էլ նրան ազատ արձակած դատավորն է թիրախավորվել, փաստաբան Սարգսյանը դարձյալ քաղաքական պատվերի վկայություն է համարում. - «Ասում են, օրինակ, դատավորը պետք է դատվի, դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի, ահաբեկիչը ո՞նց կարող է դրսում լինի, և այլն: Սա, դրա համար ասում է՝ "и ежу понятно" («ոզնուն էլ է հասկանալի»), ռուսը կասեր, այսինքն՝ դրա համար պետք չի շատ խելոք լինել, որ հասկանալ՝ պետպատվերը տրվո՞ւմ է, թե՞ չի տրվում: Եվ սա արվում է թիրախավորված մի քանի նպատակներով՝ ոչ միայն թիրախավորվում է էս դատավորը, որը որոշում է կայացրել, այլև թիրախավորվում են էն ենթադրյալ դատավորները, որոնք պետք է որոշում կայացնեն»:

Իշխանականների կողմից դատավորին ուղղված վիրավորանքները, ըստ Սարգսյանի ուղիղ միջամտություն են արդարադատությանը, որը կարող է ազդել, օրինակ, այս գործով հետագա վճիռների վրա:

Ի դեպ, Դատախազությունը դեռ երեկ երեկոյան սարկավագի ազատ արձակումից շատ չանցած հայտարարեց, որ բողոքարկելու են դատավոր Ռշտունու որոշումը. այստեղ էլ պատվերի հոտ է առնում փաստաբանը:

«Եթե Դատախազությունում իրոք և իրականում նման բան են հայտնել, ուրեմն առնվազն խոսքը վերաբերում է քաղաքական պատվերի մասին: Որովհետև դեռ էդ որոշումը Դատախազությունը չի ստացել, իսկ ես արդեն նշեցի՝ քաղվածք ենք մենք ստացել, որոշումը չկա որպես էդպիսին ֆիզիկապես», - ընդգծեց Հովսեփ Սարգսյանը, հարցնելով՝ Դատախազությունն ի՞նչն է բողոքարկում՝ իրավական հիմնավորումները դեռ չստացած:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG