Մատչելիության հղումներ

Եղեգիսի համայնքապետի դատավարությունը շարունակվում է. վկաներն են հարցաքննվում


Եղեգիսը շարունակում է ղեկավարել համայնքապետի տեղակալը, քանի դեռ Հակակոռուպցիոն դատարանը դատում է 8 տարվա ղեկավար Արթուր Ստեփանյանին՝ կոռուպցիոն մեղադրանքներով:

Ստեփանյանը մեղադրվում է 7 բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցման ընթացքում համայնքային գույքի հափշտակության, պաշտոնեական կեղծիքի և լիազորությունները չարաշահելու մեջ:

Պետական ու համայնքային միջոցներից մոտ 100 միլիոն դրամով ջրագիծ կառուցելիս նորի փոխարեն հին խողովակներ են անցկացրել։ Բանվորներից մեկն է նկատել ու բողոք ներկայացրել։ Ըստ քրեական վարույթի, Վայոց ձորի այս համայնքը մոտ 25 միլիոն դրամի վնաս է կրել:

Ինչպես նախկինում, այսօր էլ Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը, ում պաշտոնավարումը կասեցվել է դատարանի որոշմամբ, ասաց՝ մեղքը չի ընդունում, հրաժարվելով պատասխանելով այլ հարցերի:

Դատարանում արդեն վկաներն են հարցաքննվում: Բայց դեռ դատական գործի վերջը չի երևում: «Դատալեքս» տեղեկատվական համակարգում էլ գործի վերաբերյալ մանրամասներ չկան: Միայն Ստեփանյանի խափանման միջոցի հարցի քննարկման ու այդ մասին որոշումների մեջ դատական կողմերի դիտարկումներն են: Մասնավորապես դատարանը կալանքի միջնորդությունը մերժելիս նշել է, որ քրեական վարույթի նյութերում բավարար փաստաթղթեր չկան, որոնց հիման վրա «հնարավոր կլինի տալ նախնական գնահատական այն մասին, որ իրավասու պաշտոնատար անձինք դիտավորությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահել են»:

Ընդ որում՝ այստեղ հակասական կարծիքներ ունեն նախաքննությունը վարած Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական վարչությունն ու դատախազությունը: Քննչական վարչության պետի տեղակալը առարկել է հսկող դատախազին, նշել, թե այս դեպքում առավելագույնը կարող է քննարկվել առանձին պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի, բայց ոչ լիազորությունների չարաշահման կամ կեղծիքի հարցը:

Սրանից դատարանը եզրակացրել է, թե «հենց վարույթն իրականացնող մարմինն է արձանագրել, որ «Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած լինելու հիմնավոր կասկած առկա չէ»:

Դատարանը շեշտել է նաև, որ շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության համար մրցույթով ընտրված էր «Ամետիս» ընկերությունը, նրա հետ համայնքապետարանը պայմանագիր էր կնքել: Ուստի ոչ թե համայնքի ղեկավարը, այլ «Ամետիս» ընկերությունն է պատասխանատվություն կրել վերահսկողության համար:

«Անտեսվել է նաև այն փաստը, որ կատարված աշխատանքներն ընդունվել են ոչ թե Եղեգիսի համայնքապետարանի, այլ տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչների ընդգրկմամբ ձևավորված հանձնաժողովի կողմից՝ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության դրական եզրակացության հիման վրա», - նշված է դատական գործում:

Դատարանը դեռ միայն կալանքի հարցի քննության ժամանակ նախաքննություն իրականացրած կառույցի պնդումների հիման վրա եզրակացրել է, թե վարույթը դատարան է փոխանցվել՝ առանց համայնքապետի մեղքը հաստատող ապացույցների, և, որ չկա հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկած:

Ավելին, դատարանը հղում է արել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի տեղեկանքին, ըստ որի ոստիկաններն ուսումնասիրել են շինարարական աշխատանքների հանձնման-ընդունման ակտն ու այն ստորագրած «հանձնաժողովի անդամների շահագրգռվածության, կաշառք տալու և ստանալու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել»:

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ոչ միայն հստակ չէ Արթուր Ստեփանյանին ներկայացված մեղադրանքը, այլ այն հիմնավորող նյութեր դատարանին չեն ներկայացվել»:

Եղեգիսի համայնքապետն ընդամենը 3 ամիս է կալանքի տակ մնացել: Դատարանը նախաքննությունը վարած Հակակոռուպցիոն կոմիտեից ստացված պնդումները հաշվի առնելով, թե հանցանքն ապացուցող հիմնավոր կասկած չկա, փոխել է Ստեփանյանի խափանման միջոցը: Նա ազատության մեջ է՝ 3 միլիոն դրամի գրավի դիմաց, չնայած նաև կասեցված է պաշտոնավարումը մինչև դատական գործի ավարտը:

Նրա հետ այս գործով մեղադրյալ են նաև ոռոգման համակարգը կառուցած շինարարական ընկերության սեփականատեր Զարզանդ Միքայելյանը, շինարարության մասին դրական եզրակացություն տված փորձագետն ու ևս մեկ անձ: Նրանց նկատմամբ ևս դատարանը կիրառել է բացակայելու արգելքը:

Թե գոնե այս փուլում անբավարար ապացույցների մասին դատարանի պնդումներից հետո հանցանքն ապացուցող ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, հայտնի չէ:

Դատարանը շարունակում է քննությունը՝ վկաների հարցաքննությամբ:

Կոռուպցիոն մեղադրանքներով դատարանի առաջ կանգնած Արթուր Ստեփանյանը 2017-ի նոյեմբերին համայնքապետ է դարձել Հանրապետական կուսակցության առաջադրմամբ, իսկ հինգ տարի անց՝ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակով:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG