Զորակոչվելուց ընդամենը մեկ օր անց 18-ամյա Ավետիք Մաթևոսյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նրա Անուշ տատիկն ու մայրը՝ Սոնան արդեն մեկ ամիս է հոսպիտալից հոսպիտալ են վազում ու ահազանգում՝ 30 օրվա ընթացքում տղան մարում է... ցույց են տալիս զորակոչի օրվա՝ հունիսի 27-ին արված նկարն ու համեմատում մի քանի օր առաջ Երևանի կայազորային հոսպիտալում արված նկարի հետ։
«Էդ հիվանդանոց չի, ահավոր տեղ ա, իմ երեխան այդտեղ մնաց հոգեկանը խանգարված դուրս կգա, արդեն չի հիշում, չգիտեմ՝ ինչ դեղ են սրսկում», - ասաց մայրը:
Կապանից Սիսիան, Սիսիանից Երևանի Մուրացան հոսպիտալ, այնտեղից էլ հուլիսի 23-ից՝ կայազորային հոսպիտալ...18-ամյա տղայի բանակային մեկ ամսվա կյանքը դեռ միայն հոսպիտալներում է անցնում։
«Գնացի գլխավոր բժշկի մոտ, ասում է՝ սենց հիվանդ չենք ունեցել մենք», - ներկայացրեց հարազատներից մեկը:
Երիտասարդ տղան մինչև զորակոչվել էլ հիվանդ էր, պնդում է ընտանիքը։ Տատն ու մայրը տղայի բժշկական կենսագրությունը ձեռքներին դռնեդուռ են ընկել մինչև զորակոչվելը. տարբեր բժշկական հաստատություններից ստացված գրություններում սևը սպիտակի վրա գրված է՝ Ավետիք Մաթևոսյանն ունի սրտանոթային խնդիրներ, մասնավորապես, ի ծնե արատ՝ սրտի օվալաձև անցք, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված ունենում է գիտակցության կորուստներ, կծկումներ:
Ինչպե՞ս առողջական խնդիրներով տղան հայտնվեց բանակում։ Մաթևոսյանների ընտանիքը ոչ միայն այս հարցի պատասխանի չունի, այլև չեն հասկանում՝ ինչո՞ւ զինակոչի ընթացքում Ավետիքի առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն այդպես էլ չիրականացրեցին։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնեցին, որ այցելել են Ավետիքին, զինվորի պատշաճ բժշկական օգնության հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։
Ընտանիքը դիմել է վարչապետին, գլխավոր դատախազին, պաշտպանության նախարարին... դեռ պատասխան չկա։ Ռազմական գերատեսչությունը «Ազատություն»-ից գրավոր հարցում պահանջեց՝ պարզաբանելու, թե ինչպե՞ս է առողջական խնդիրներով տղան հայտնվել բանակում, ի՞նչ վիճակում է հիմա զինվորը, արդյոք նախատեսվո՞ւմ է բժշկական փորձաքննություն նորակոչիկի զինվորական պիտանելիությունը ստուգելու համար։ Հարցերին խոստացան պատասխանել մի քանի օրից։
Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանները տարիներ շարունակ ահազանգում են՝ զորակոչվում են նաև առողջական խնդիրներով երիտասարդներ: Անցած յոթ ամսում բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված 12 մահերից 3-ը, իսկ 2024-ին՝ 36 մահերից 5-ը զինվորների առողջական խնդիրների հետևանք են եղել: