Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի շուրջ վերջին շրջանում ակտիվացած քննարկումների ֆոնին նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ այդ մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է՝ այդ ճանապարհի բացման դեպքում Հայաստանը զարգացման մեծ հնարավորություններ կունենա:
«Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագա զարգացման համար: Եթե մենք կարողանում ենք դարպասները բացենք Սյունիքի, ես նկատի ունեմ 43 կիլոմետրի հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ», - նշեց Խաչատուրյանը:
Նախագահականի հրապարակած մոտ մեկ րոպեանոց տեսանյութում Վահագն Խաչատուրյանը չի պարզաբանել, թե ինչպե՞ս է հենց այդ 43 կլիոմետր ճանապարհահատվածի բացումն ապահովելու Հայաստանի զարգացումը: Նախագահի այս հայտարարությունը դատապարտում և խայտառակություն է որակում Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Հայաստանի Հանրապետության հարավային դարպասը, Սյունիքի այդ հատվածը, բաց է Հայաստանի Հանրապետության համար և Իրանի Իսլամական Հանրապետության համար, և Հայաստանն այդ դարպասով շփվում է ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այլ Մերձավոր Արևելքի երկրների՝ մինչև Հնդկաստան և այլուր: Հետևաբար նմանատիպ հայտարարություն անել... այդ հայտարարությունից նաև երևում է, որ իբր թե մենք ենք ինչ-որ բան փակում, մենք ենք ինչ-որ բան փակ պահում, մնում է մենք բացենք: Սա Ադրբեջանական քարոզչության նարատիվ է», - ընդգծեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:
Խաչատուրյանի խոսքերը երեկվանից ակտիվ տարածում են ադրբեջանական լրատվամիջոցներն այն շեշտադրմամբ, թե Հայաստանի նախագահը լոբբինգ է անում բացել, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Մինչ դեռ կարճ տեսանյութում նախագահը նաև ընդգծել էր կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը՝ պնդելով, թե միջազգային հանրությունը դրական է ընկալում այն:
«Բոլորի համար շատ գրավիչ է ու շատ տեսանելի է, շատ մեծ հայտնագործություն չենք արել, բայց երբ այն, ինչ կա, իրականությունը սեղանին եք դնում ու նաև պատկերավոր ներկայացնում եք այդ հնարավորությունները, հասկանում եք, թե ինչքան կարևոր է այս 43 կիլոմետրն ու Սյունիքը», - ընդգծել է Վահագն Խաչատուրյանը:
Արդեն այսօր նախագահականից պարզաբանեցին՝ Վահագն Խաչատուրյանն այդ 43 կմ հատվածը կարևորում է ընդհանուր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման տրամաբանության մեջ, որն էլ Հայաստանի համար կապահովի տնտեսական զարգացման մեծ հեռանկար: Էդմոն Մարուքյանը, սակայն, այս պարզաբանումը ընդունելի չի համարում:
«Եթե կպնդեն, որ պատահական այդպես է ձևակերպվել, շահարկում են նախագահի խոսքերը և այլն, պատահական մարդիկ չպետք է Հանրապետության նախագահի պաշտոնում լինեն: Դե պատահական է, ուրեմն պետք է նաև պատահական հրաժարական տա, հեռանա», - ասաց Մարուքյանը:
Վահագն Խաչատուրյանը նախորդ երեք օրերին աշխատանքային այցով էր Սյունիքում: Քննադատության արժանացած հայտարարությունն էլ արել էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում:
Փաշինյանի կաբինետի նախկին դեսպան Մարուքյանը կարծում է՝ Սյունիքում Հայաստանի նախագահը Ադրբեջանի պահանջած 43 կմ ճանապարհ մասին խոսելու փոխարեն մի հստակ հայտարարություն պետք է աներ. - «Ինքը պետք է խոսեր այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ պարտավորություն որևէ ճանապարհ բացելու Ադրբեջանի համար: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բլոկադայի մեջ ու բլոկադան իրականացնում են Ադրբեջանն ու Թուրքիան, և պահանջեր այնտեղ, որ բոլոր ճանապարհները բացեին, ոչ թե ինքը խոսեր նրա մասին, որ դա դարպաս է, ո՞ւմ համար է դարպաս, Ադրբեջանի համար է դարպաս՝ կապվելու Նախիջևանի հետ և դրանից անդին»:
Երեկվա հայտարարությունը միակը չէ, որից հետո նախագահը հայտնվում է քննադատության թիրախում: Անցած տարի այս շրջանում էլ Վահագն Խաչատուրյանը Տավուշի սահմանազատված տարածքներում էր եղել, ապա պատմել՝ «առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման՝ մեր ձեռքով կառուցված»։
Էդմոն Մարուքյանն ընդգծում է՝ այս հայտարարությունը ևս ադրբեջանական թեզերի տարածում էր. - «Գնում է Տավուշի մարզ, հայտարարում է, որ վերջապես ունենք 13 կմ պետական սահման՝ կասկածի տակ դնելով սահմանի մնացած հատվածը, որ ուրեմն նա սահման չի, այսինքն, էլի ադրբեջանական նարատիվն է, պայմանական սահման է, ոնց ասում են ադրբեջանիցները, հետո էլ գալիս է Սյունիք, ասում է՝ Սյունիքի դարպասները պետք է բացենք»:
Մարուքյանի գնահատմամբ՝ այս հայտարարությունները պետք է քաղաքական հետևանք ունենան և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները պիտի նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնեն:
Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը քննադատել է Խաչատուրյանին՝ պնդելով, թե՝ «Ադրբեջանին ու Թուրքիային միջանցք տրամադրելը հնարավորություններ կբացի միայն իշխող ուժի համար»: